«Հրապարակի» զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Վահե Թորոսյանը։ 

- Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների և Փաշինյանի հանդիպումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սահմանը՝ Փաշինյանի փոխանցմամբ, անցնելու է գյուղի միջով ու բնականաբար չի կարող երաշխավորվել բնակիչների անվտանգությունը։ Իրավաբանության մեջ ինչպե՞ս է ձևակերպվում այն, ինչ կատարվում է ու հայտարարվում հիմա՝ ՀՀ-ում՝ Փաշինյանի կողմից։ 

- Այս պարագայում մեր պետության այրերի կամ բարձրաստիճան ղեկավարների կողմից արված հայտարարությունների դեպքում երբեմն իրավաբանությունը սպառվում է։ Որպես գիտություն՝ իրավաբանությունն անզոր է գնահատելու կամ մեկնաբանելու այդ հայտարարությունները կամ դրանց մեջ որևէ իրավական ձևակերպում փնտրելը։ Այստեղ ընդամենը կատարվում է միակողմանի զիջում, այսինքն, պետության կենսատարածքների միակողմանի հանձնում։ Ակնհայտ է, որ նախ մինչպետական համաձայնագրով այս հարցերը պետք է որոշվեն` որևէ պետության ղեկավար, կամ նույնիսկ կառավարությունը, Ազգային Ժողովը, որևէ մեկը իրավասու չէ պետության կենսատարածքի հանձումը կամ զիջումն իրականացնել՝ դա պետք է կատարվի հանրաքվեի միջոցով։ Եվ հետո, դրանից բացի, սահմանը որոշվում է միջպետական համաձայնագրով։ Դուք որևէ պետության հետ սահման չեք տեսնի՝ առանց որևէ միջպետական համաձայնագրի, այսինքն, երկու պետության երկկողմ համաձայնության արդյունքում պետք է որոշվի միջպետական սահմանը․ ոչ թե GPS-ով, ոչ թե կամայական արտահայտություններով, ոչ թե նույնիսկ պետության ղեկավարի դիրքորոշմամբ։ Դրանք ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ են հասարակության որոշակի անիրազեկ զանգվածների վրա ներազդելու, նրանց մոլորեցնելու և միակողմանի պետության լուծարման գործընթացը լեգիտիմացնելու նպատակով։ 

- Այսինքն, մենք հիմա ականատես ենք լինում ներկա իշխանություների՝ մասնավորապես Փաշինյանի կողմից քրեական հանցագործության կատարմա՞ն։ 

- Ես արդարադատություն իրականացնող մարմին չեմ, դատարան չեմ, որ կարողանամ դրան գնահատական տալ, բայց ակնհայտ է, որ այստեղ պետության, կառավարության ղեկավարը չունի որևէ լիազորություն՝ նման արտահայտություններ անելու և այդ արտահայտությունների հիման վրա որոշումներ կայացնելու։ Մեր Սահմանադրությամբ պաշտոնատար անձինք առաջնորդվում են իրենց՝ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Որևէ մեկը վարչապետին, կառավարության ղեկավարին այդպիսի լիազորություն երբևէ չի վերապահել, այնպես որ այդ հայտարարությունները, թե` սահմանը գյուղի միջով կանցնի, թե` եկեղեցին դրանից դուրս կամ ներս կմնա՝ դրանք ընդամենը կամայական մեկնաբանություններ են, դեկլարատիվ արտահայտություններ են, որևէ իրավական հիմք չապահոված, նորմատիվ իրավական բազայից զուրկ։ Նախ պետք է միջպետական համաձայնագիր․ անգամ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացն իրականացվում է հակաիրավական գործընթացով, այստեղ նույնիսկ իրավական չէ այդ գործընթացը։ Հանձնաժողովը ձևավորվել է, բայց նույնիսկ այդ հանձնաժողովի ձևավորումը, որի արդյունքում պետք է զիջվեն մեր պետության կենսատարածքները, պետք է հասարակության կամարտահայտությունը առկա լինի։ Այսինքն, եթե այդ հանձնաժողովի որոշմամբ որևէ կենսատարածք կզիջվի՝ կամ այդ հարցը պետք է ներկայացվի հասարակության քննարկմանը և հանրաքվեի արդյունքներով որոշմանը, կամ այդ հանձնաժողովը ինքը պետք է այդ հասարակության կամարտահայտության արդյունքում ձևավորված լինի՝ ժողովրդի անունից որոշումներ կայացնելու։ Այստեղ ոչ թե ինչ-որ առևտրային կազմակերպություն ենք լուծարում, որ ձևավորենք հանձնաժողով և սկսենք լուծարման գործընթաց։ Թեև տպավորություն է, որ Հայաստանը կարծես դարձել է լուծարման վարույթում գտնվող կամ սնանկության վարույթում գտնվող առևտրային կազմակերպություն, որը ի զորու չլինելով գնալ դեպի առողջացման, գնում է դեպի լուծարում։ Մեզ մոտ մոտավորապես այս գործընթացն է, որը բացարձակ իրավական չէ և հակասում է միջազգային իրավական նորմերի և սկզբունքների դրույթներին։ 

- Կարո՞ղ ենք այս ամենը բնորոշել որպես թշնամու կողմից մեր տարածքի անեքսիա։ 

- Ես կարծում եմ, որ սա պարտված պետության հանձնվողական քաղաքականության շարունակությունն է՝ կատարելու այն հրահանգները, որն ուղղվում է մեզ հաղթող պետության՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից։ 

- Իսկ դա պետությա՞ն, թե՞ իշխանության հանձնողականության քաղաքականություն է։ 

- Իշխանության, բնականաբար, պետություն բառը այստեղ նեղ իմաստով եմ գործածում, որովհետև պետությունը դա հանրային իշխանությունն է, ի վերջո, հանրային համաձայնության արդյունք է պետությունը, բայց տվյալ պարագայում ես նկատի ունեմ Հայաստանի հանրապետության իշխանությունը, գործող վարչակարգը, որը լիովին առաջնորդվում է հանձնվողական քաղաքականությամբ, կատարելով այն բոլոր պահանջներն ու հրահանգները, որն իրեն առաջադրվում է թշնամի պետության կողմից։ Դա կարող է վերաբերվել և նոր Սահմանադրության ընդունմանը, և հայկական ինքնության ապամոնտաժմանը, և հայոց պատմության նկատմամբ դիվերսիաների իրականացմանը։ Սրանք շղթայի ընդամենը մի օղակներն են, այսինքն, պետության կենսատարածքների հանձնումն այդ շղթայի շատ կարևոր, կենսական բաղադրիչներից մեկն է, բայց ոչ լիարժեք, որովհետև դրանից զատ նաև իրականացվում է հայկական ինքնության ապամոնտաժում։ Սա էլ պետք է պայմանավորենք կապիտուլյացիոն քաղաքականության կամ թշնամու կողմից որոշակի հրահանգներով, բնականաբար այստեղ չպետք է բացառել այդ հրահանգները, բայց ես կարծում եմ, որ դրանից զատ, այս վարչակարգը գենետիկորեն ատելություն ունի հայկական ինքնության նկատմամբ, հայ եկեղեցու նկատմամբ, ազգային արժեքների նկատմամբ։ Եվ այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք այդ ինքնության կրողն ու զարգացնողն են, և ազգային արժեքներ տարածողը և քարոզողը, այդ բոլոր կառույցների նկատմամբ գործող վարչակարգն ունի տոտալ ատելություն, հակակրանք և պատահական չէ, որ այսօր հենց նրանց կողմից ֆինանսավորվող մեդիա ընկերությունների միջոցով եկեղեցու նկատմամբ իրականացվում է այդ գարշելի հակաքարոզչությունը՝ նրանց որակելով որպես Ռուսաստանի լրտեսներ, հինգերորդ շարասյուն, Կրեմլի գործակալներ և այլն։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել